Քրիստոսի տառապանքները և Աստծո բացարձակ իշխանությունը

Gospel Translations Armenianյից՝ ազատ հանրագիտարանից

Related resources
More By John Piper
Author Index
More About The Sovereignty of God
Topic Index
About this resource
English: The Suffering of Christ and the Sovereignty of God

© Desiring God

Share this
Our Mission
This resource is published by Gospel Translations, an online ministry that exists to make gospel-centered books and articles available for free in every nation and language.

Learn more (English).
How You Can Help
If you speak English well, you can volunteer with us as a translator.

Learn more (English).

By John Piper About The Sovereignty of God
Part of the series 2005 Desiring God National Conference

Translation by Sona Petrosyan

Review You can help us improve by reviewing this translation for accuracy. Learn more (English).



2005 թ. “Փափագել Աստծուն” ազգային կոֆերանսից

2005 Desiring God National Conference

Այս ամփոփիչ նիստին կցանկանայի մեծարել Քրիստոսին Իր տառապանքներում: Եվ այդ ընթացքում կհամարձակվեի տալ Աստվածաշնչյան հիմնական բացատրությունը տառապանքի գոյության վերաբերյալ: Եվ ցանկանում եմ դա այնպես անել, որ դուք և ես ազատ լինենք հուսահատության, ինքնախղճահարության, վախի, հպարտության վհատեցնող ազդեցություններից, և մենք, ուժեղներ, թե տկարներ, մեր ուժերը ներդնենք ամեն բանում, (այդ թվում նաև տառապանքում), Հիսուս Քրիստոսով Աստծո գերազանցության հանդեպ սերը տարածելու համար` ի ուրախություն բոլոր մարդկանց:


Բովանդակություն

Տառապանքի գոյության Աստվածաշնչյան հիմնական բացատրությունը

Ես հավատում եմ, որ ամբողջ տիեզերքը գոյություն ունի` Աստծո փառավոր շնորհքի մեծությունը ցույց տալու համար: Կարելի էր ավելի պարզ ասել, որ ամբողջ տիեզերքը գոյություն ունի Աստծո փառքի մեծությունը ցույց տալու համար, և դա ճիշտ կլիներ: Բայց Աստվածաշունչը մեզ ավելին է ասում: Աստծո փառքը երևում է ավելի պայծառ, ավելի լեցուն, ավելի գեղեցիկ` Նրա հենց փառավոր շնորհքը ցույց տալով: Այդ պատճառով, դա է ամեն ինչի, ներառյալ տառապանքի, գերագույն նպատակը և վերջնական բացատրությունը: Աստված նախասահմանեց ցույց տալու իր փառավոր շնորհքի մեծությունը ի ուրախություն իր արարածների, և Նա բացահայտեց մեզ համար, որ դա է վերջնական նպատակը և բացատրությունը այն բանի, թե ինչու գոյություն ունի մեղք, ինչու գոյություն ունի տառապանք, և ինչու մենք ունենք մեծ տառապյալ Փրկիչ: Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին, եկավ մարմնով` տառապելու և մահանալու և այդ տառապանքով ու մահով փրկելու ինձ և քեզ նման անարժան մեղավորներին: Տառապելու և մեռնելու համար այս գալուստը Աստծո փառավոր շնորհքի գերագույն արտահայտությունն է: Այլ կերպ ասած` Քրիստոսի մահը սարսափելի տառապանքներում Աստծո փառավոր շնորհքի ամենամեծ, ամենապարզ, ամենացայտուն դրսևորումն է: Եթե դա ճիշտ է, մի զարմանալի ճշմարտություն է բացահայտվում` այն, որ տառապանքը արարված տիեզերքի անբաժանելի բաղադրիչն է, որում լիարժեքորեն բացահայտվում է Աստծո փառավոր շնորհքի մեծությունը: Տառապանքը տիեզերքի նկարակերտության կարևորագույն բաղադրիչներից է, որի շնորհիվ շնորհքի զարդանախշը գծագրվում է իր իրական տեսքով:

Կամ ավելի պարզ ու ավելի դիպուկ ասած` տիեզերքում տառապանքի գոյության հիմնական պատճառն այն է, որ Քրիստոսը կարողանար ցույց տալ Աստծո փառավոր շնորհքի մեծությունը` Իր կրած տառապանքով մեր տառապանքը հաղթահարելու համար: Բոլորովին անմեղ և ամենասուրբ Աստծո Որդին` միանգամայն անարժան մեղավորների փոխարեն` մեզ հավիտենական ուրախության տանելու նպատակով, Աստծո շնորհքի փառքի մեծագույն արտահայտությունն է, որ երբևէ եղել է կամ կարող է լինել:

Ստեղծելով տիեզերքը, որում հայտնվելու էր Իր փառավոր շնորհքը, Աստված չընտրեց որևէ այլ ծրագիր: Ավագ Ուրբաթը` ահա այն պահը, որի համար տիեզերքում ամեն բան ծրագրվեց; Աստծո փառավոր շնորհքի ավելի մեծ դրսևորում չէր էլ կարող լինել քան այն, ինչ տեղի ունեցավ Գողգոթայում: Դրան տանող և դրանից բխող ամեն ինչ բացատրվում է հենց դրանով, այդ թվում նաև աշխարհում գոյություն ունեցող բոլոր տառապանքները:

Աստվածաշնչյան ճանապարհը, որ հանգեցնում է այս ճշմարտությանը

Ես առաջարկում եմ Ձեզ միասին քայլել Աստվածաշնչյան այն ուղիով, որ ինձ բերեց այս ճշմարտությանը: Մինչև այստեղ ասված ամեն բան կարող է թվալ վերամբարձ տեսություն կամ փիլիսոփայություն: Բայց դա դեռ շատ ավելին է: Դա այն է, ինչ սովորեցնում է Աստվածաշնչի ամեն մի բառը:


Հայտնություն 13:8

Եկեք սկսենք Հայտնության գրքի 13:8 խոսքից: Հովհաննեսը գրում է. “Անոր պիտի երկրպագեն բոլոր անոնք որ կը բնակին երկրի վրա եւ որոնց անունը աշխարհի հիմնադրութենէն ի վեր գրուած չէ մորթուած Գառնուկին կեանքի գիրքին մեջ:” Սա նշանակում է, որ նախքան աշխարհի ստեղծումը կար մի գիրք, որը կոչվում է “մորթուած Գառնուկին կեանքի գիրքը”: Գառնուկը խաչված Հիսուս Քրիստոսն է: Գիրքը խաչված Հիսուս Քրիստոսի գիրքն է: Այդ պատճառով, Աստված աշխարհը ստեղծելուց առաջ տեսնում էր սպանված Հիսուս Քրիստոսին, և տեսնում էր Նրա արյունով գնված մի ժողովուրդ, որոնց անունները գրված են գրքում: Սա նշանակում է, որ Հիսուսի տառապանքները այնպիսի մի մտադրություն չէր, որ Աստծո մոտ առաջացավ հետագայում, ասես ստեղծագործման աշխատանքը չէր ընթանում այնպես, ինչպես կանխորոշված էր: Նախքան աշխարհի հիմնումը Աստված ուներ մի գիրք, որ կոչվում էր “մորթուած Գառնուկին կեանքի գիրքը”: Գառի մորթվելը Աստծո ծրագրում եղել է ստեղծագործության պատմությունից առաջ:

2 Տիմոթեոսի 1:9

Այնուհետև եկեք նայենք 2 Տիմոթեոսի 1:9 խոսքը: Պողոսը նայում է ետ դեպի հավերժություն` նախքան դարերի սկիզբը և ասում. “Որ փրկեց մեզ, * եւ սուրբ կոչումով կանչեց. * ոչ թէ մեր գործերի համեմատ, * այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը * յաւիտենական դարերից առաջ”: [“Արարատ” թարգմանություն]: Աստված մեզ պարգևեց շնորհք (այսինքն չվաստակած ողորմություն` ողորմություն մեղավորների հանդեպ, շնո’րհք) Քրիստոս Հիսուսով, նախքան դարերի սկսվելը: Մենք դեռ ստեղծված չէինք, մենք դեռ գոյություն չունեինք, և հետևաբար չէինք կարող մեղք գործել: Բայց Աստված արդեն նախասահմանել էր, որ շնորհքը, Հիսուսով եղած շնորհքը, արյունով գնված շնորհքը, մեղքի հանդեպ հաղթություն տվող շնորհքը, մեզ տրվելու էր Քրիստոս Հիսուսի մեջ: Եվ այդ ամենը դեռ աշխարհի արարումից առաջ էր որոշված: Այսպիսով, գոյություն ունի “մորթուած Գառնուկին կեանքի գիրքը ” և գոյություն ունի “շնորհք”, որ հոսում է դեպի անարժան մեղավորները, ովքեր դեռ չեն ստեղծվել: Եվ մի կորցրեք “մորթվել” բառի (esphagmenou) նշանակության մեծությունը` “մորթուած Գառնուկին կեանքի գիրքը ”: Նոր կտակարանում այն օգտագործվել է միայն Հովհաննես առաքյալի կողմից, և բառացիորեն նշանակում է “սպանել, չարչարել, մորթել”: Այսպիսով այստեղ ունենք տառապանք` Աստծո որդու մորթվելը, դեռևս աշխարհի ստեղծումից առաջ Աստծո մտքում և ծրագրում եղած: Աստծո Գառը պետք է չարչարվի: Նա պետք է մորթվի: Ահա′ ծրագիրը:

Ինչու՞: Ես Ձեզ ցույց կտամ Աստվածաշնչյան հատվածը, որը տալիս է դրա պատասխանը, բայց թույլ տվեք կրկին փաստել մի բան. Դրա պատճառն այն է, որ արարման նպատակը Աստծո փառավոր շնորհքի ամենամեծ, ամենապարզ, ամենավառ դրսևորումն է: Եվ այդ դրսևորումը պետք է լիներ տիեզերքի ամենահրաշալի էության մորթվելը միլիոնավոր անարժան մեղավորների համար: Աստծո Գառի չարչարանքն ու մահը պատմության մեջ Աստծո շնորհքի փառքի ամենամեծ հնարավոր դրսևորումն է: Այդ պատճառով Աստված այն ծրագրել էր աշխարհի ստեղծումից առաջ:

Եփեսացիների 1-ին գլուխ

Դա հաստատող Աստվածաշնչյան հատվածները գտնում ենք նախ Եփեսացիների թղթի 1-ին գլխում և հետո` Հայտնության գրքում: Եփեսացիների 1:4-ում Պողոսը ասում է “Ինչպէս որ * ընտրեց մեզ նորանով[այսինքն` Քրիստոսով] * աշխարհքի ստեղծելուցն առաջ, * որ մենք սուրբ եւ անարատ լինենք նորա առաջին սիրով. 5* Մեզ առաջուց սահմանելով, * որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝ * իր կամքի հաճութեան պէս, Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար. …”: Փրկագնման ամբողջ պատմության նպատակը Աստծո փառավոր շնորհքի գովասանքն է: Սակայն նկատեք, որ այս խոսքերում Պողոսը ասում է, որ այս ծրագիրը տեղի ունեցավ “Նորանով [այսինքն` Քրիստոսով]” կամ “Յիսուս Քրիստոսի ձեռովն”, նախքան աշխարհի հիմնումը: Նա 4-րդ խոսքում ասում է` “ընտրեց մեզ Նորանով [այսինքն` Քրիստոսով] * աշխարհքի ստեղծելուցն առաջ” Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար, իսկ 5-րդ խոսքում նա ասում է` “Մեզ առաջուց սահմանելով, * որ իրան որդեգիր լինենք Յիսուս Քրիստոսի ձեռովն՝ * Իր կամքի հաճութեան պէս, Իր փառաւոր շնորհքի գովասանքի համար. …” Ի՞նչ է նշանակում` որ մենք ընտրվեցինք “Քրիստոսով” և որ որդեգիր եղանք “Յիսուս Քրիստոսի ձեռովն”: Մենք գիտենք, որ Պողոսը նկատի ուներ, որ Քրիստոսը տառապեց և մահացավ որպես Փրկիչ, որպեսզի մենք որդեգրվենք որպես Աստծո զավակներ (Թուղթ Գաղատացիներին 4:5): Մեր որդեգրությունը չէր կարող լինել Քրիստոսի մահից անջատ: Այդ պատճառով Պողոսի նկատի ունեցածը այն էր, որ, մեր ընտրվելը “Քրիստոսով” և մեզ որդեգրելու ծրագիրը “Յիսուս Քրիստոսի ձեռովն”, դա աշխարհի ստեղծումից առաջ իր Որդու չարչարանքն ու մահը ծրագրելն էր: Եվ 6, 12 և 14 խոսքերից հասկանալի է, որ այս ծրագրի նպատակը Իր փառաւոր շնորհքի գովասանքն էր: Դա այն էր, ինչին նպատակաուղղված էր Աստված: Եվ դա է պատճառը, որ Նա աշխարհի արարումից առաջ ծրագրեց Իր որդու տառապանքն ու մահը մեղավորների համար: Այժմ եկեք խորհենք դա հաստատող Աստվածաշնչյան մեկ այլ հատվածի շուրջ` Հայտնության 5:9-12: Այստեղ երկնքի զորքերը փառաբանում են Գառին հատկապես այն բանի համար, որ նա մահացել ` սպանվել` մորթվել էր:

“* Եւ նոր երգ են երգում եւ ասում. * Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, * որովհետեւ մորթուեցար, եւ * քո արինովը մեզ գնեցիր Աստուծոյ համար * ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից. * Եւ մեր Աստուծոյ համար մեզ թագաւորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վերայ թագաւորութիւն կ’անենք։ Եւ տեսայ, եւ շատ հրեշտակների ձայն լսեցի * աթոռի եւ չորս կենդանիների եւ երէցների չորս կողմովը. Եւ * նորանց համարն էր բիւրերի բիւրեր եւ հազարների հազարներ. Որ մեծ ձայնով ասում էին. * Արժանի է մորթուած Գառն առնելու եւ զօրութիւն, եւ հարստութիւն, եւ իմաստութիւն, եւ կարողութիւն, եւ պատիւ, եւ փառք, եւ օրհնութիւն։”

Երկնքի զորքերը իրենց փառաբանությունը ուղղում էին ոչ թե պարզապես Գառնուկին, այլ “մորթուած Գառնուկին”: Եվ նրանք շարունակում են երգել այդ երգը Հայտնության 15:3 խոսքում: Այդ պատճառով, մենք կարող ենք եզրակացնել, որ երկնքում փառաբանության առանցքը հավերժության մեջ լինելու է Աստծո փառավոր շնորհքի արտահայտությունը` մորթված Գառնուկի մեջ: Հրեշտակները և բոլոր փրկվածները հավիտյան կերգեն Գառան չարչարանքների մասին: Աստծո Որդու չարչարանքը երբեք չի մոռացվելու: Ամենամեծ տառապանքը, որ երբևէ եղել է, կլինի մեր փառաբանության և հիացմունքի կենտրոնը հավիտյան: Դա Աստծու մոտ ժամանակի ընթացքում առաջացած միտք չէր, սա այն ծրագիրն էր, որ Նա ուներ աշխարհի հիմնումից առաջ: Մնացած ամեն ինչ երթարկվում է այդ ծրագրին: Մնացած ամեն ինչ գործում է հանուն այս ծրագրի: Աստծո փառավոր շնորհքի մեծության արտահայտումը Իր Սիրելիի չարչարանքի մեջ տիեզերքի ստեղծման և գոյության նպատակն է:

Նախասահմանող, բայց մեղք չգործող Աստծո առեղծվածը

Դուք տեսնու՞մ եք, թե ինչպիսի նշանակություն ունի այս տեսանկյունից տիեզերքում մեղքի և տառապանքի գոյությունը: Այս Աստվածային ծրագրի համաձայն, Աստված թույլ է տալիս, որ մեղքը մտնի աշխարհ: Աստված նախասահմանում է, որ այն, ինչ Ինքն ատում է, մտին աշխարհ: Աստծո կողմից մեղք չէ, որ Նա թույլ է տալիս մեղքի աշխարհ մտնելը: Կարիք չկա այդ գաղտնիքի մեջ խորամուխ լինելու: Մենք կարող ենք բավարարվել` Ադամի և Եվայի մեղքի մասին ասելով այն, ինչ ասաց Հովսեփը իր եղբայրների մեղքի մասին, երբ նրանք իրեն վաճառեցին ստրկության; “Եւ * թէպէտ դուք ինձ դէմ չարութիւն խորհեցիք, բայց * Աստուած այն լաւի դարձնել խորհեց,…” (Ծննդոց 50:20)

Եվ թեպետ դուք, Ադա'մ և Ե'վա, չարություն խորհեցիք Աստծո դեմ, մերժելով նրան որպես ձեր Հայր և Գանձ, բայց օ~հ, ինչ անսահման բարիք Նա խորհեց ձեր անկումով, կնոջ զարմը մի օր կջախջախի մեծ օձի գլուխը, և նրա տառապանքի միջոցով նա ցույց կտա Աստծո փառավոր շնորհքի մեծությունը; Դուք չեք քանդել Նրա ծրագիրը; Ինչպես Հովսեփը մեղքով վաճառվեց ստրկության, դուք էլ ինքներդ ձեզ վաճառեցիք մի խնձորի համար; Դուք ընկաք, և հիմա ասպարեզը բաց է Աստծո փառավոր շնորհքի մեծությունը ցույց տալու համար; Քանի որ ոչ թե միայն մեղքը մտավ աշխարհ, այլև մեղքի միջոցով եկավ տառապանք և մահ; Պողոսը ասում է մեզ, որ Աստված աշխարհը ենթակա արեց ունայնության և ապականության` անեծքի տակ: Նա այսպես է ասում Հռոմեացիների 8;20-23 խոսքերում`

“* Նորա համար որ ստեղծուածները հնազանդեցին ունայնութեան, ոչ թէ կամքով այլ նորա համար՝ որ հնազանդեցրեց այն յոյսով, Որ՝ ստեղծուածներն իրանք էլ ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով։ 22Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա * միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։ 23Եւ ոչ միայն նորանք, * այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, * մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ * որդեգերութեանն սպասելով այսինքն * մեր մարմնի ազատութեանը։”

Երբ մեղքը մտավ աշխարհ, ահավոր, սարսափելի բաներ հետևեցին` հիվանդություններ, արատներ, հաշմանդամություններ, բնական աղետներ, մարդկային վայրագություններ. ամենափոքր մարդուց մինչև ամենատարեցը, ամենասարսափելի սրիկայից մինչև ամենաբարի սուրբ մարդը, տառապում են, և տառապանքը մարդ չի հարցնում: Այդ է պատճառը, որ Պողոսը ասում է Հռոմեացիների 8;23 խոսքում`

“Եւ ոչ միայն նորանք, * այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, * մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգերութեանն սպասելով այսինքն * մեր մարմնի ազատութեանը։”:

Եզեկիելն ասում է, որ Աստված չի ուրախանում այս տառապանքով:

“Նորանց ասիր. Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես * ամբարշտի մեռնելը չեմ ուզում…” (Եզեկիել 33:11):

Սակայն Աստծո ծրագիրը մնում է, և Ողբերի 3:32-33 խոսքերում Երեմիան Աստծո առեղծվածային մտքի խորությունից մի ակնարկ է հայտնում`

“Այլ թէեւ ցաւեցնէ էլ, դարձեալ կ’գթայ իր ողորմութիւնների շատութեան չափ։ Որովհետեւ * նա ‘ի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։”

Դա նշանակում է` “Նա սրտով [millibbô] չէ ցավեցնում կամ վշտացնում մարդկանց որդիներին”: Նա նախասահմանում է, որ տառապանքը մտնի աշխարհ, “թէեւ ցաւեցնէ էլ”, սակայն Նրա բերկրանքը տառապանքը չէ, այլ ստեղծագորման մեծ նպատակը` Աստծո փառավոր շնորհքի դրսևորումը Քրիստոսի տառապանքներում հանուն մեղավորների փրկության:

Սցենարը պատրաստ է: Փրկչական պատմության դրաման սկսում է զարգանալ: Մեղքը իր լիարժեք և մահացու գործադրման մեջ է: Տառապանքն ու մահը գոյություն ունեն, և պատրաստ են կլանելու Աստծո Որդուն, երբ որ Նա գա: Ամեն բան այժմ իր տեղում է Աստծո փառավոր շնորհքի հնարավոր դրսևորման համար: Այդ պատճառով, ժամանակի լրության մեջ Աստված ուղարկեց աշխարհ Իր Որդուն` տառապելու մեղավորների փոխարեն: Նրա փրկչական գործի ամեն բաղադրիչը իրագործվում է տառապանքի միջոցով: Հիսուս Քրիստոսի կյանքի և մահվան մեջ տառապանքը գտնում է իր վերջնական նպատակը և վերջնական բացատրությունը. Տառապանքը գոյություն ունի, որպեսզի Քրիստոսը կարողանար երևացնել Աստծո փառավոր շնորհքը` Իր կրած տառապանքով մեր տառապանքները հաղթահարելու համար: Ամեն, ամեն ինչ, որ Քրիստոսը արեց մեզ` մեղավորներիս համար, արեց տառապանքի միջոցով: Ամեն բան, որ մենք կվայելենք, մենք կստանանք տառապանքի շնորհիվ:

Աստծո փառավոր շնորհքի դրսևորումը Քրիստոսի ձեռքբերումներում Իր տառապանքով

Եկեք խորհենք տառապանքի միջոցով Աստծո փառավոր շնորհքի դրսևորման Քրիստոսի ձեռքբերումների վերաբեյալ.

1. Քրիստոս խմեց Աստծո բարկության բաժակը մեր փոխարեն, և Նա այդ արեց տառապանք կրելով: Գաղատացիներին 3;13 “Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ * Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը։)”: Աստծո բարկությունը, որ մեզ հավիտենական տառապանքի պետք է տաներ, ընկավ Քրիստոսի ուսերին: Դրանում է փառավոր շնորհքը, և դա կարող էր լինել միայն տառապանքի ուղիով;

2. Քրիստոս կրեց մեր մեղքերը և գնեց մեր ներումը, և Նա այդ արեց տառապանք կրելով: 1 Պոտրոսի 2;24` “* Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. …”: Եսայիա 53:5` “Բայց նա * մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ…” Այն մեղքերը, որ մեզ պետք է տապալեին մեղավորության ծանրության տակ, փոխադրվեցին Քրիստոսի վրա; Սա փառավոր շնորհքն է, և այն կարող էր տրվել միայն տառապանքի միջոցով:

3. Քրիստոս կատարյալ արդարություն ապահովեց մեզ համար, որը դարձավ մերը Նրանով և Նա այդ արեց տառապանքի միջոցով: Փիլիպեցիս 2:7-8` “Այլ իր անձն ունայնացրեց, * եւ ծառայի կերպարանք առնելով՝ * մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. Իրան խոնարհեցրեց, եւ * հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ։” Քրիստոսի հնազանդությունը, որի շնորհիվ շատերն են արդարանում (Հռոմեացիների 5:19), պետք է լիներ արդարություն մինչև մահ, և այն էլ խաչի մահ: Սա փառավոր շնորհքն է, և այն կարող էր լինել միայն տառապանքով:

4. Քրիստոս հաղթեց մահին, և Նա դա արեց, մահանալով: Եբրայեցիների 2:14-15` “Արդ որովհետեւ մանկունքն արիւնի եւ մարմնի մասնակից եղան, * ինքն էլ շատ նման կերպով մասնակից եղաւ նորանց. Որ իր * մահովը խափանէ մահի իշխանութիւնն ունեցողին այսինքն սատանային, * Եւ ազատէ նորանց որ մահի վախովն իրանց բոլոր կեանքի մէջ ծառայութեան մէջ բռնուած էին։”: “* Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. *գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։ Մահի խայթոցը մեղքն է, * եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։ * Բայց շնորհակալութիւնն Աստուծուն, * որ տուաւ մեզ յաղթութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։” (1 Կորնթացիներին 15:55-58): Սա է փառավոր շնորհքը, և այն կարող էր լինել միայն տառապանքի շնորհիվ:

5. Նա զինաթափեց սատանային, և Նա այդ արեց տառապելով: Կողոսացիներին 2:14-15` “Եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններովը որ մեզ հակառակ էր, եւ նորան վեր առաւ մէջ տեղիցը եւ խաչափայտին վերայ բեւեռեց. * Իշխանութիւններին եւ պետութիւններին * մերկացնելով, յայտնապէս խայտառակեց եւ նորանց յաղթանակեց իրանում.” Քանի որ մեր բոլոր օրինազանցությունները խաչին գամված և չեղարկված են, սատանայի` մեզ ոչնացնելու ուժը խափանված է: Սատանան միայն մեկ զենք ունի, որ կարող է մեզ դժոխք տանել` դա չներված մեղքն է: Այս զենքը Քրիստոսը խլեց սատանայի ձեռքից խաչի վրա: Սա է փառավոր շնորհքը, և այն կարող էր լինել միայն տառապանքի միջոցով:

6. Քրիստոս գնեց կատարյալ վերջնական բժշկություն իր բոլոր ժողովրդի համար, և Նա այդ արեց տառապանքի միջոցով: Եսայիա 53:4` “Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։” “Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, * կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ * Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։” (Հայտնություն 7:17): Գառը մորթվել էր, և Գառը հարություն էր առել մեռելներից, և Գառը Հոր հետ միասին կսրբեն ամեն արցունքը մեր աչքերից: Սա է փառավոր շնորհքը, և դա կարող էր լինել միայն տառապանքի միջոցով:

7. Քրիստոս մեզ ի վերջո կբերի Աստծու մոտ, և Նա դա կանի Իր տառապանքի միջոցով: 1 Պետրոսի 3:18` “Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն…”: Խաչի վերջնական ձեռքբերումը հիվանդություններից ազատվելը չէ, այլ Աստծո հետ բարեկամությունը: Ահա թե ինչի համար էինք մենք ստեղծված` տեսնելու, ճաշակելու և ցույց տալու Աստծո փառքը: Սա է փառավոր շնորհքը, և այն կարող էր լինել միայն տառապանքի միջոցով:


Տառապանքի գոյության վերջնական նպատակը

Տիեզերքի գոյության մեծագույն նպատակը Աստծո փառավոր շնորհքը ցույց տալն է: Այդ փառքի ամենամեծ, ամենապարզ, ամենավառ դրսևորումը տիեզերքի ամենալավ Անձնավորության տառապանքն է միլիոնավոր անարժան մեղավորների համար: Այդ պատճառով տիեզերքում տառապանքի գոյության մեծագույն նպատակը Աստծո փառավոր շնորհքի ցույց տալն էր Իր տառապանքի միջոցով` մեր տառապանքները հաղթահարելու նպատակով և Աստծո փառավոր շնորհքի գովասանքը առաջ բերելու համար:

Օ~ քրիստոնյա, հիշիր թե ինչ էին ասում Կառլ Էլիսը, Դեվիդ Փաուլիսը, Մարկ Թալբոթը, Սթիվը Սենթը, Ջոնի Իերեքսոն Թադան: Նրանք բոլորը, յուրաքանչյուրն իր ձևակերպմամբ, ասում էին այն մասին, որ մենք, տկար լինենք, թե ուժեղ, կորուստներ տանելիս լինենք թե ընկերներով ուրախանալիս, լինենք վիշտ կրելիս թե ուրախություն ճաշակելիս, մենք բոլորս, որ հավատում ենք Քրիստոսին, անչափելի հարուստ ենք Նրանով և այնքան պատճառներ ունենք ապրելու համար: Զուր մի' վատնեք Ձեր կյանքը: Ճաշակեք հարստությունները, որ ունեք Քրիստոսի մեջ և Ձեզ նվիրեք, ինչ էլ որ լինի դրա գինը, ձեր հարստությունները այս հուսալքված աշխարհին տարածելու համար: